ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ճար կա՝ ճար անող չկա

Ճար կա՝ ճար անող չկա
29.08.2024 | 09:04

Նորություն ասած չեմ լինի, որ մենք առաջնահերթ պարտվել ենք հոգեբանական գրոհների պատճառով: Հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով իջեցվել, համարյա զրոյացվել է հատկապես երկրում ապրող հայի ինքնագնահատականը: Սա լավ մտածված, լավ ծրագրավորած երկարատև պրոցես է, որի արդյունքում հիմնական ելքը հայ մարդը տեսել է արտագաղթի մեջ. Ահա և Սպիտակ ցեղասպանության համար լավագույն դրդապատճառ՝ համոզված գնա, դրսում կայացիր, ապացուցիր, որ երկիրը երկիր չէ, հայի համար ապրելու տեղ չէ:

Որտեղի՞ց երկիր դառնա, երբ ներսում ուժերի ծայրահեղ բևեռացում է: Ինչպե՞ս երկիր կառուցես, երբ անթիվ-անհամար կուսակցություններն ու տարբեր ֆինանսական աղբյուրրներից սնվող կազմակերպությունները պարզապես մոլորեցնում են շարքային քաղաքացուն, թողնելով անպաշտպան աշխարհի ամենաոստիկանացված երկրներից մեկում:

Ոմանք այնքան մեծ ոգևորությամբ, այնպես ինքնամոռաց են հայ ազգին ծայրահեղ վատ բնութագրում, գերագույն հաճույք զգալով՝ մեր Մեծերի հոդվածներից, տարբեր առիթներով ասված խոսքից՝ իրենց սիրտը հովացնող մի տող առանձնացնում ու տիրաժավորում, որ ակամա մտածում ես՝ մեզ հաստատ արտաքին չարախնդացող պետք չէ:

Առանց այդ էլ այսօրվա մեր վիճակն աննկարագրելի ծանր է: Պատկերացնու՞մ եք՝ Աստված մի արասցե, ծայրահեղ ծանր, համարյա հոգեվարքի մեջ գտնվող հիվանդ հարազատին ո՛չ թե փրկության ձեռք մեկնեն, հրավիրեն ամենալավ մասնագետների կոնսիլիում, այլ շարունակ երեսով տան կյանքում արած սխալները, որոնց պատճառով, ըստ այդ հարցում սրտացավ ակտիվիստների, իրենք կորցնում են հիվանդ հարազատին:

Անելանելի վիճակ չի լինում, քանի կա ելք փնտրողը:

Ճար կա՝ ճար անող չկա... Ավ. Իսահակյան

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Հ. Գ.

Օգնել չե՞ս կարող՝ գոնե իրավիճակն ավելի մի սրիր, հուսահատության ճահիճն ավելի մի խորացրու:

Դիտվել է՝ 2741

Մեկնաբանություններ